ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը (լուսանկարներ)

Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը (լուսանկարներ)

Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը: Այգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը մտնում է գործնական փուլ:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այգու վերադարձը հանրությանը մայրաքաղաքում իրականացվող առաջնահերթ ծրագրերից է և առաջիկա ամիսներին կյանքի կկոչվի`անկախ այսօր երկրում ծառացած խնդիրներից և որոշ բյուջետային ծախսերի կրճատումներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական հոգածությամբ հաստատված հիմնանորոգման ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Կապամոնտաժվեն զբոսայգում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող ապօրինի կառույցները, տարածքները կկանաչապատվեն, կանցկացվեն լուսավորության և ոռոգման նոր ցանցեր, կիրականացվեն ժամանակակից կահավորման աշխատանքներ:

Օղակաձև զբոսայգու նշված հատվածի հարևանությամբ արդեն իսկ ընթանում են հանրային սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները:

Այսօր այգում կատարած շրջայցի ընթացքում պատասխանատուների հետ հստակեցրել ենք առաջիկա անելիքները`տարածքը հնարավորինս արագ բարեկարգելու, քաղաքացիների համար այն անվտանգ և հարմարավետ դարձնելու, ինչպես նաև նոր լուծումներով այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու, կանաչապատ տարածքները պահպանելու ու ընդլայնելու համար՛՛:

  • Կիսվել: