չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանների տրամադրման 2-րդ փուլը

Մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանների տրամադրման 2-րդ փուլը

Գործադիրը մայիսի 27-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանների տրամադրման 2-րդ փուլը: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախատեսվում է ԲԳՎ-ների տրամադրման միջոցով 2 169 750 հազար դրամ ուղղել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր նորք, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:

 
«Նախորդ փուլում 1.5 մլրդ դրամ հատկացվել է Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նույն խնդրի լուծման համար: Նախորդ որոշմամբ` 112,  իսկ այս որոշմամբ` 185 ընտանիքների բնակապահովման համար: Արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ նախատեսվում է երկարաձգել ԲԳՎ-ների համար սահմանված ժամկետը 2020թ. մարտի 16-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածով, քանի որ տեղաշարժման սահմանափակումները անձանց տեղափոխման համար անհաղթահարելի ուժ են հանդիսացել»,- ասաց նախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե որքան գումար է տրվում ընտանիքներին: Նախարարը հստակեցրեց, որ գումարի չափը տարբեր է` կախված ընտանիքի անդամների թվից ու բնակարանի մակերեսից: Ամեն դեպքում, գումարը բավականացնում է տարբեր հատվածներում բնակարան գնելու համար:

«Իհարկե, Կենտրոնում չեն գնի, բայց որևէ տեղ կգնեն», – արձագանքեց վարչապետը և հստակեցրեց՝ արդյո՞ք բնակարան ստանալուց հետո ժամանակավոր կացարանները ազատվում են:

Նախարարը դրական պատասխան տվեց:

  • Կիսվել: