Իրան-ԱՄՆ լարվածությունը չի մարում
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները չեն դադարում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Մասնավորապես, ԱՄՆ-ն արդեն հինգ օր է, ինչ հարվածներ է հասցնում Իրանին՝ թիրախավորելով ափամերձ պաշտպանության օբյեկտները և հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կայանքները: Հարվածների նպատակը, ըստ ամերիկյան կողմի, Հորմուզի նեղուցում նավերին հարվածելու Իրանի կարողությունների նվազեցումն է:
Իր հերթին Իրանի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով երկրում 35 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել:
Միևնույն ժամանակ շարունակվում է Իրանի ծովային շրջափակումը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից՝ հարված է հասցվել լցանավի, որը փորձել է նավարկել դեպի իրանական նավահանգիստներից մեկը: Իրանն էլ պատասխանել է՝ թիրախավորելով Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում ամերիկյան օբյեկտները:
Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ևս անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել: ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ԱՄՆ հյուպատոսության մերձակայքում, ևս երկուսը՝ քաղաքի ծայրամասում ամերիկյան ռազմաբազայի հարակից տարածքում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի գործողություններն այժմ կենտրոնացած են տարածաշրջանում ԱՄՆ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման վրա, որից հետո կսկսվի հաջորդ փուլը:



