ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկնարկել են սիգի որսի դեմ ուղղված միջոցառումները. սահմանվել է խիստ հսկողություն (տեսանյութ)

Մեկնարկել են սիգի որսի դեմ ուղղված միջոցառումները. սահմանվել է խիստ հսկողություն (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ:

Միջոցառումների շրջանակներում գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները, որոնց նպատակն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ:

Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:

Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:

Միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության:

 

  • Կիսվել: