երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 7,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 7,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ ՏԿԵ պատվիրատվությամբ և պետական բյուջեի միջոցներով Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 7,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, ենթակառուցվածքների կառավարման և հողաշինության վարչությունից, շինարարական աշխատանքները հիմնականում ընդգրկում են Մարտունի քաղաքի և Գեղհովիտ գյուղի ներսով անցնող ճանապարհահատվածները։ Եվս 1 կիլոմետր հիմնանորոգվելու է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 80-րդ կիլոմետր հատվածում։

Ճանապարհաշինական այս կարևոր ծրագրի համար հատկացվել է 1 միլիարդ 874 միլիոն դրամ։ Նախատեսվում է բնակավայրերի ներսում 6,4 կիլոմետր երկարության մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում, հին ասֆալբետոնե շերտի հեռացում, բազալտե եզրաքարերի, նոր հիմքի ու ասֆալբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհի գծանշում և կահավորում։ Հիմնանորոգվող ճանապարհի երթևեկելի մասի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 53 հազար քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել մինչև տարեվերջ։ Այս պահին իրականացվում են ասֆալբետոնե հին շերտի հեռացման, հողային, բազալտե եզրաքարերի, ջրահեռացման համակարգի տեղադրման կամ կառուցման աշխատանքներ։

  • Կիսվել: