երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» «TbiEx2023» տարածաշրջանային լայնածավալ շտաբային վարժանքը

Մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» «TbiEx2023» տարածաշրջանային լայնածավալ շտաբային վարժանքը

Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում անտառային հրդեհների վերաբերյալ «TbiEx2023» լայնածավալ վարժանքը, որին մասնակցում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի ղեկավարած պատվիրակությունը։

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրներում «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում» ծրագրի 3-րդ փուլի (PPRD East 3) նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայունությունը Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Ուկրաինայում:

«Աղետները սահմաններ չեն ճանաչում» կարգախոսով (PPRD East 3) ծրագիրն աջակցում է մասնակից երկրներին վաղ նախազգուշացման համակարգի կիրառման միջոցով վաղ գործողությունների հիման վրա քաղաքացիական պաշտպանության ավելի ուժեղ համակարգի ձևավորման հարցում:

Հունիսի 12-14-ը Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում տեղի են ունեցել քննարկման վրա հիմնված վարժանքներ, իսկ հիմնական դաշտային լայնածավալ վարժանքը նախատեսվում է անցկացնել հունիսի 15-16-ը Թբիլիսիից դուրս՝ Դիդո Լիլոյում, որի ընթացքում կխաղարկվի քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային ազդեցություններով անտառային հրդեհների սցենար և ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացում:

Վարժանքի մեկնարկը տրվել է հունիսի 13-ին վիրտուալ տիրույթում՝ «Dewetra» բազմակի ռիսկերի կանխատեսման իրական ժամանակի հարթակի (վաղ նախազգուշացման համակարգ) կիրառման միջոցով, որի նպատակն է ակտիվ մշտադիտարկման և քարտեզագրման շնորհիվ վաղ հայտնաբերել անտառային հրդեհները և կանխատեսել գործողությունների ընթացքը։

  • Կիսվել: