հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը

Մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը

Մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը, որն իրականացվում է «Գերմանա-հայկական հիմնադրամի» և «Ազգային հիփոթեքային ընկերության» համագործակցությամբ։

Ինչպես հայտնում են «Ազգային հիփոթեքային ընկերություն»-ից, ֆինանսավորման ծավալը 20 մլն եվրո է, որը տրամադրվել է KfW զարգացման բանկի կողմից գերմանահայկական միջկառավարական համագործակցության շրջանակներում: 

Ծրագիրը նպատակ ունի խթանել էներգաարդյունավետ շինարարությունը Հայաստանում, ինչպես նաև նպաստել Էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի և ընդհանուր առմամբ հիփոթեքային շուկայի զարգացմանը երկրում։

Ծրագրի շրջանակներում և՛ մարզերի, և՛ Երևանի ցածր ու միջին եկամուտներ ունեցող բնակիչները հնարավորություն ունեն հարմարավետ պայմաններով ստանալ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման և տան կառուցապատման վարկեր:

Ընկերությունից հայտնում են, որ ծրագրի կարևորագույն առավելություններից մեկն այն է, որ էներգաարդյունավետության վարկերն առաջարկվում են սովորական բնակարանային վարկերից ավելի ցածր տոկոսադրույքներով և ավելի պարզեցված պայմաններով, քան ստանդարտ հիփոթեքային վարկերը: Ծրագրի մեկնարկից սկսած արդեն իսկ տրամադրվել է ավելի քան 13 մլն եվրոյի վարկ, որից շուրջ 32 տոկոսը կազմել են էներգաարդյունավետ վարկերը։

Վարկատեսակները տրամադրվում են գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք են՝ Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը, Էվոկաբանկը, Հայէկոնոմբանկը, Այդի բանկը, Բիբլոս բանկը, Ինեկոբանկը, Արմսվիսբանկը, Կոնվերսբանկը և Ակբա բանկը, ինչպես նաև Կամուրջ, Առաջին հիփոթեքային ընկերություն, Ֆասթ Կրեդիտ և Գլոբալ Կրեդիտ վարկային կազմակերպությունները։ 

Նախագծի հեռահար նպատակներից է խրախուսել բնակչությանը դրսևորել էներգախնայող վարքագիծ, ինչպես նաև՝ կիրառել էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչը կհանգեցնի ածխաթթու գազերի (CO2) արտանետումների կրճատմանը և բնակարանների/տների էներգաարդյունավետության բարձրացմանը՝ երկարաժամկետ հատվածում նպաստելով ծախսերի խնայողությանը:

  • Կիսվել: