Մեկնարկել է AI Conf Armenia 2026-ն
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերությունները, հետազոտողներին և նորարարներին։ Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով Հայաստանում արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը։
Համաժողովի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը։
«ԵՊՀ-ի համար սա օրակարգ է, որտեղ մենք ունենք մեր հստակ տեղը, դերը, պատասխանատվությունը։ Համալսարանն է պատրաստում մասնագետներ, որոնք ստեղծում են գաղափարներ՝ հասարակության խնդիրների լուծման համար։ Մեր աշխատանքն է պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք հետագայում կաշխատեն տարբեր ոլորտներում։ Ակնհայտ է, որ արհեստական բանականությունը վաղվա թեմա չէ, այն այսօրվա մեր իրականությունն է, որը փոխում է տնտեսությունը, գիտությունը, վաղվա բնույթը, ամենօրյա ազդեցությունն ունենում կրթության համար։ Եվ այստեղ մեկնարկային հնարավորություններըւ հավասար են»,-իր խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Ռեկտորը հավելեց՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու առաջատար ոլորտում։ Նա հույս հայտնեց, որ այս համաժողովից հետո մասնակիցները կունենան ոչ միայն նոր գիտելիքներ, այլև նոր կապեր, նոր համագործակցության նոր հեռանկարներ։
«Պետք է միշտ նայել դեպի ապագա։ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, և ամենաթանկ ռեսուրսը մարդիկ են․ մենք լավագույնս պետք է օգտագործենք այդ ռեսուրսը, մարդկանց իրենց կարողություններով, և այս առումով արհեստական բանականությունը գալիս է մեզ օգնելու։ Աշխարհում ինչքան թրենդ և նոր տեխնոլոգիա կա, մենք պետք է տիրապետենք, որովհետև ինչ-որ պահի առնչվելու է մեր մասնագիտության հետ»,-իր խոսքում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կոչ անելով հնարավորության դեպքում մասնակցել կոնֆերանսի բոլոր հատվածներին։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը ընդգծեց՝ շատ մեծ պատիվ է կանգնել ԵՊՀ-ի այս բեմի վրա, որտեղից տասնամյակներ շարունակ խոսել են մեծ գիտնականներ, ում աշխատանքի արդյունքները գիտությունից էլ անդին են և վերաբերում են մեր երկրի տեղին և կշռին։ Մեքենայական ուսուցման և արհեստական բանականություն ոլորտներում այսօր ընթացող զարգացումները նույնպես լոկ գիտության ու տեխնոլոգիայի մասին չեն, այլ հաստակ աշխարհաքաղաքական գործակիցների և Հայաստանի «քաշային կարգի» փոփոխության։
AI Conf Armenia 2026-ում կվերլուծվի ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։ Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։
GPU-ների դերը արհեստական բանականության զարգացման մեջ օրեցօր աճում է։ Եթե CPU-ն նախատեսված է տարբեր տեսակի խնդիրներ լուծելու համար՝ ունենալով քիչ, բայց հզոր միջուկներ, ապա GPU-ն ունի հազարավոր միջուկներ և կարող է միաժամանակ իրականացնել մեծ քանակի հաշվարկներ։ Այս հնարավորությունն է, որ դարձնում է GPU-ները կարևորագույն գործիք ժամանակակից AI մոդելների ստեղծման և գործարկման համար, որոնք պահանջում են միլիոնավոր և միլիարդավոր հաշվարկներ։
AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես եկավ «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։ Միջոցառմանը հանդես կգա նաև ավելի քան 20 առաջատար բանախոսներ պետական և մասնավոր հատվածներից:
AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) համագործակցությամբ։
Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։


