երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Մեղրիի սահմանային անցակետի կառուցման ժամկետները հետաձգվել են. Շինարարության ավարտը կլինի այս տարեվերջին

Մեղրիի սահմանային անցակետի կառուցման ժամկետները հետաձգվել են. Շինարարության ավարտը կլինի այս տարեվերջին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020–ի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» շրջանակներում ներգրավված ՎԶԵԲ վարկային (10 626 263 եվրո) և ԵՄ ներդրումային դրամաշնորհային (10 520 000 եվրո) միջոցներն ուղղված են Մեղրի համայնքում միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր սահմանային անցակետի կառուցման ֆինանսավորմանը: Համաձայնագրերով ՀՀ կառավարությունը պարտա­վորություն է ստանձնել համաֆինանսավորել ԱԱՀ-ի գծով ծախսերը (շուրջ 2.1 մլն եվրո):

«Covid-19»-ով և 44–օրյա պատերազմով պայմանա­վոր­ված այս ծրագրի ժամկետները հետաձգվել են։

Շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով 2023 թվականի հունվարի 27-ին «TANA ENERGY MANAGEMENT» կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Պայմանագրի համաձայն աշխատանքները պետք է իրականացվեին 920 օրվա ընթացքում: Սակայն հետագայում առաջացած մի շարք խնդիրներով պայմանավորված սահմանվել է նոր ժամկետ` 980 օր, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին:

2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքվել նաև «Roughton International Limited» կազմակերպության (ինժեներ) հետ՝ շինարարական աշխատանքների գծով վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ներկայումս վերոնշյալ երկու կազմակերպությունները շարունակում են պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը: Այնուամենայնիվ, Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած օբյեկտիվ և տեխնիկական հանգամանքները, մասնավորապես՝ մաքսային մարմինների և ԱԱԾ գործառութային փոփոխությունները, էականորեն ազդել են շինարարության տեմպերի վրա և առաջացրել նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արձանագրվել են ժամկետային շեղումներ, ինչի հիման վրա կապալառուն ներկայացրել է նոր աշխատանքային գրաֆիկ՝ շինարարության ավարտը նախատեսելով մինչև 2026թ. դեկտեմբերի վերջը:

Դրամաշնորհային համաձայնագրի «2.02. Մասհանումներ» բաժնի համաձայն դրամաշնորհային միջոցների հասանելիության համար վերջնաժամկետ սահմանվել էր 2024 թվականի հունվարի 31-ը, որը հետագայում երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի  31-ը:

  • Կիսվել: