երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել. որմնանկարները տարիների մրի մեջ էին. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել. որմնանկարները տարիների մրի մեջ էին. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

Մայր տաճարը գրեթե 6 տարի է, ինչ իր աղոթական դռները փակել էր հավատացյալների առջև։ Հիմա արդեն ավարտին են հասել Մայր տաճարի հիմնավերանորոգման  աշխատանքները, որոնք սկսվել են հատակներից և ավարտվել մայր գմբեթի խաչով։ Այս մասին լրագրողական շրջայցի ժամանակ պատմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

«Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել` մոտենալով այն գույներին, որոնք վրձնած են եղել հենց հեղինակների` Հովնանյան ընտանիքի որմնանկարիչների կողմից։ Այն գեղեցկությունը, որ ուզում եք տեսնել, մեզնից թաքնված է եղել տարիների մրի և ծխի հետևանքով գոյացած շերտի ներքո, հիմա այն բացվել է մեր վերականգնող վարպետների շնորհիվ։ 6 տարվա վերանորոգման մանրակրկիտ աշխատանքը 60 տարվա արժեք ունի»,– ընդգծեց եպիսկոպոս Բաբայանը։

Նրա խոսքով` տաճարում ոչ մի սուրբ սեղան չի տեղաշարժվել, ընդհակառակը` նրանք, որոնք դարերի ընթացքում ամրակայումների արդյունքում որոշակի փոփոխություններ են ունեցել, հիմա է՛լ ավելի են ամրակայվել ու իրենց համար նախատեսված տեղում են։

«Առաջիկա օծմամբ այդ սուրբ սեղաններն էլ ավելի կսրբագործվեն և հաստատուն կմնան հազարամյակներով»,– հավելեց սրբազանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Մայր տաճարն ամբողջությամբ բացվելու է։

«Յուրաքանչյուր գործ առանց ծախսերի չի լինում։ Երբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն և հաշվետվությունները կազմվեն, այդ մասին կծանուցվի», - շեշտեց Սրբազանը՝ հավելելով, որ նման ծավալի վերանորոգման աշխատանքներ չեն եղել երբեք։

«Եթե շատ հեռուն գնանք, դա եղել է 1620-ական թվականներին Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ։ Հետագայում էլ որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են տարբեր կաթողիկոսների ժամանակ, սակայն նմանատիպ աշխատանքներ չեն եղել»,-շեշտեց նա։

Հարցին՝ ովքեր են ֆինանսավորել վերանորոգման աշխատանքերը՝ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց. «Ինչպես տեղյակ եք, հայտարարվել է համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում համավարակը եղավ, պատերազմը սկսվեց և Հայոց Հայրապետը որոշեց, որ մասսայական դրամահավաք չիրականացվի, որպեսզի այդ բոլոր հանգանակություններն ուղղվեն դեպի Արցախ, հայոց բանակ ու կարիքավորներ։ Կարող եմ միայն տեղեկացնել, որ կան մեկ տասնակի հասնող հիմնական բարերարներ և  համաժողովրդական հանգանակություն։ Եղել են մարդիկ, ովքեր իրենց ֆիզիկական ուժով են ցանկացել օգտակար լինել»։

  • Կիսվել: