կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մայր Հայաստան հուշարձանի հեղինակի անվամբ Երևանում դպրոց կանվանակոչվի

Մայր Հայաստան հուշարձանի հեղինակի անվամբ Երևանում դպրոց կանվանակոչվի

Երևանի ավագանու ապրիլի 20-ի նիստում ընդգրկված է նաև «Երևանի հ.49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին հարցը։

Նախագծով առաջարկվում է դպրոցն անվանակոչել քանդակագործ-մոնումենտալիստ Արա Արմենի Հարությունյանի անվամբ՝ «Երևանի Արա Հարությունյանի անվան հ.49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Նման միջնորդություն է ներկայացվել նրա դստեր՝ Սուսաննա Հարությունյանի կողմից։
Արա Հարությունյանը ծնվել է 1928թ.-ին Երևանում: Նա հանդիսանում է Մայր Հայաստան հուշարձանի հեղինակը (ընդհանուր բարձրություն՝ 54 մետր, 1967)։ Առավել հայտնի աշխատանքներից են Սայաթ Նովայի հուշաղբյուրը (1963), Կոմիտասի հուշարձանը (1988), Կոմիտասի մահարձանը (1955)։ Արա Հարությունյանն առաջիններից է ստեղծել քանդակագործության, ճարտարապետության տարածական համալիրներ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի քանդակահամալիրը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը։

Նա 40-ից ավելի հուշահամալիրների, քանդակագործաճարտարապետական համալիրների, հուշարձանների, մոնումենտների հեղինակ է, որոնք գտնվում են Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆիլիպիններում և այլուր։ Արա Հարությունյանը մահացել է 1999թ.-ին:

  • Կիսվել: