հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մասնագիտական հաստատությունների և գործատուների մասնակցությամբ աշխատանքի տոնավաճառ է բացվել Գյումրիում

Մասնագիտական հաստատությունների և գործատուների մասնակցությամբ աշխատանքի տոնավաճառ է բացվել Գյումրիում

Գյումրիի երիտասարդական պալատում նոյեմբերի 19-ին կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ՝ «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագրով։ Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի աջակցությամբ «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագրի շրջանակում։

Միջոցառման նպատակը Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին մեկ հարկի տակ միավորելն էր։ Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են երկու տասնյակից ավելի գործատուներ և Շիրակի մարզում գործող շուրջ մեկ տասնյակ ՄԿՈՒ ուսումնական հաստատություններ։

Ընդհանուր առմամբ՝ տոնավաճառի ընթացքում ներկայացվել է Շիրակի մարզի շուրջ 127 գործատուների կողմից ներկայացված ավելի քան 650 աշխատատեղի առկա պահանջարկ, ինչպես նաև նշվել է սպասվող 113 նոր աշխատատեղի մասին։

Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը, Շիրակի մարզի գործատուներ և աշխատանք փնտրողներ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, կարևորելով աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը, նշել է, որ մարզում բարձր է գործազրկության ցուցանիշը, մյուս կողմից աշխատաշուկայում կան թափուր աշխատատեղեր, որոնք չեն համալրվում աշխատանք փնտրողների ոչ բավարար հմտությունների և կարողությունների պատճառով։

«Աշխատաշուկան մասնագիտական կարողությունները զարգացնելու և հղկելու մշտական պահանջ է դնում։ Խզումը, որ աշխատաշուկայում կա գործատուի և աշխատանք փնտրողի միջև, կարող է նվազել մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով։ Այս իմաստով՝ աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը շատ կարևոր է»,- նշել է Շիրակի մարզպետը։

  • Կիսվել: