չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Մարզերում վարչապետի արձանագրածների փաստերով ուսումնասիրություններ են կատարվում․ նախարար

Մարզերում վարչապետի արձանագրածների փաստերով ուսումնասիրություններ են կատարվում․ նախարար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր իր ամփոփիչ ասուլիսում անդրադարձ կատարեց վերջին շրջանում վարչապետի մարզային այցեր կատարելու ժամանակ որոշ աշխատանքներում ի հայտ եկած թերությունների հետևանքով ազատված պաշտոնյանների դեպքին։

Նրա խոսքով՝ վարչապետի այցից հետո եղած հրաժարականները նաև իր համար են ազդակ, թե ինչպես պետք է աշխատել։

«Վարչապետի այցերի արդյունքում բոլորս հրաժարականներ տեսանք, համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ եղան, թերի աշխատանքը անպայման պետք է ունենա իր հետևանքը։ Իմ ունեցած ինֆորմացիայով, քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է, որպեսզի հասկանան մրցույթների հայտարարման տեխնիկական առաջադրանքներում, աշխատանքի ընդունման-հանձնման ընթացքում կա՞ անհամապատասխանություն, եթե նման դեպքեր լինեն, բնական է՝ վարույթներ կլինեն։

Ինչ վերաբերվում է այլ պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է․ երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնականաբար պետք է հետևանքներ լինեն․ Շատ հաճախ այլ պայմաններում, կամ նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված և ոչ հանրային, ի ուրախություն մեր քաղաքացիների, թափանցիկ բաց է տեղի ունենում դա։ Եվ դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, դրանց ղեկավարներին, նախարարներին, անձամբ ինձ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել են: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գնացել էր Լոռու մարզ, այցելել նորակառույց դպրոցներ և հաստատություններում արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր երկու պաշտոնյաների ազատումը:

Երկու պաշտոնյանների աշխատանքից ազատմանը հաջորդել էր նաև Արմավիրի մարզպետ  Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնից ազատմանը , այն բանից հետո, երբ վարչապետը թերություններ էր գտել մարզի դպրոցներում կատարված աշխատանքների արդյունքներում։

  • Կիսվել: