շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարվել է հատուկ ծրար և շրջանառության մեջ դրվել նոր փոստային բացիկ

Մարվել է հատուկ ծրար և շրջանառության մեջ դրվել նոր փոստային բացիկ

2021 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը: Այս մասին հայտնում է «ՀայՓոստ»-ը:

Հատուկ ծրարի և փոստային բացիկի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ծրարի վրա պատկերված է 2020 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիրը՝ «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2021 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած ամերիկացի գյուտարար, ինժեներ և մաթեմատիկոս Վիլլիամ Դանիել Հիլլիսը, 2020 թվականի մրցանակակիր՝ «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, և 2019 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ Տակեո Կանադեն:

  • Կիսվել: