երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը. համայնքը ցնցված է

Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը. համայնքը ցնցված է

Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր, գրում է arevelk.am-ը: 

Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:

«Արեւելքի»՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել:  Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում: 

Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրեւ ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում, եղել է նաեւ Գալֆայան տան տնօրենը:

Մարսելահայ համայնքում Անի Հովսեփյանը ներգրավված էր նաեւ եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին: Նրան հիշում են որպես հայերենի եւ հայ գրականության մեծ նվիրյալ, որ իր գիտելիքները փոխանցում էր Մարսելի հայ երեխաներին:

Անի Հովսեփյանը նաեւ սիրահոժար մասնակցում էր Մարսելի «Հայոց հիշողության հետազոտման եւ արխիվացման միության» աշխատանքներին: Միությունը նույնպես հայտնել է իր սիրելի անդամի ողբերգական մահվան մասին:

  • Կիսվել: