հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մարալին Ադրբեջանում խոշտանգումների չեն ենթարկել․ գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի քույրը մանրամասներ է հայտնել

Մարալին Ադրբեջանում խոշտանգումների չեն ենթարկել․ գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանի քույրը մանրամասներ է հայտնել

4 ամիս անց ադրբեջանական գերությունից Լիբանան վերադարձած Մարալ Նաջարյանը հիմա լավ է՝ մի փոքր ընկճված է:

Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն խոսել է Մարալի հետ:

«Մարալը քիչ մը ընկճված է, հոգեբանության պրոբլեմներ ունի: 4 ամիս Ադրբեջանում դժվար օրեր է անցկացրել: Ինքը հիմա հիվանդանոցում չէ, տանն է: Հիմա բժշկությունը պիտի իրեն օգտակար դառնա՝ հոգեբան և այլն: Մենք պիտի ցույց տանք իրեն մի քանի բժիշկների, հետո իրենք կորոշեն՝ ինչի կարիք ունի Մարալը»:

Քույրը պատմեց, որ Մարալին Ադրբեջանում խոշտանգումների չեն ենթարկել:

«Իրեն այնտեղ լավ են նայել, դեղերով և այլն, այսինքն իրեն միգուցե չեն չարչարած, կամ վատ վերաբերմունք ցույց չեն տված»:

Անի Նաջարյանը ասաց նաև, որ տեղեկություն չունեն Մարալի հետ գերեվարված Վիգեն Էուլջեքյանի մասին: «Վիգենի մասին տեղեկություն չունենք, Մարալը բանտում մեկուսացած էր, մենակ էր, ոչ մեկը ոչ մեկից լուր չուներ»:

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո: Նա հաստատվել էր Արցախում. սկզբից Շուշիում էր ապրել, ապա՝ Բերձորում: Նոյմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարության կնքման հաջորդ օրը Մարալ Նաջարյանը ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի հետ իրերը վերցնելու նպատակով որոշել էր մեկնել Բերձոր, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին նրանք գերեվարվել էին:

  • Կիսվել: