Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ Հայտարարություն
ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը ապրիլի 12-ին կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նման հայտարարություն է տարածել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նա հայտարարության մեջ նշել է․
«Տևական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան: Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ և բավարար բուժումներ լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետևողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները:
Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա: Ավելին, թեև աշխարհում, այդ թվում նաև Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել և վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա:
Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա: Մ.Գրիգորյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետևանքների ողջ պատասխանատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է»:



