ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
MAN մակնիշի ավտոբուսը, որում եղել են Գառնի գյուղի դպրոցի 28 աշակերտներ, հայտնվել է Ջրվեժի գերեզմանների տարածքում. կա վիրավոր. կոտրվել են շիրմաքարեր

MAN մակնիշի ավտոբուսը, որում եղել են Գառնի գյուղի դպրոցի 28 աշակերտներ, հայտնվել է Ջրվեժի գերեզմանների տարածքում. կա վիրավոր. կոտրվել են շիրմաքարեր

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի և նշված վայրում տեղի է ունեցել վթարը»:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի հերթապահ խմբերը: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: 

  • Կիսվել: