հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄԱԿ-ը փորձում է մեր քաղաքական հարցերն ինչ-որ ձեւով շրջանցել եւ դրանք բերել կապի սոցիալական խնդիրներին. Հադրութցի

ՄԱԿ-ը փորձում է մեր քաղաքական հարցերն ինչ-որ ձեւով շրջանցել եւ դրանք բերել կապի սոցիալական խնդիրներին. Հադրութցի

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենց հիմնական պահանջը շարունակում է մնալ փախստականի կարգավիճակ ստանալու հարցը։

«Երկու տարի է՝ մենք անորոշ վիճակում ենք, մենք չգիտենք, թե ինչ կարգավիճակում ենք։ Փաստացի, ինչի միջով մենք ենք անցել, մենք փաստացի փախստականներ ենք, փախել ենք ցեղասպանությունից»,- ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց տեղահանված հադրութցի Արթուր Ստեփանյանը։

Նա նշեց, որ եթե իրենց տրվի փախստականի կարգավիճակ, Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի դեպքում հնարավորություն կունենա վերադառնալ իրենց բնակավայրեր։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ փախստականներն ու տեղահանվածները վերադառնում են իրենց բնակավայրեր»,- հիշեցրեց Արթուր Ստեփանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրենց որևէ կարգավիճակ տալու հարցի ուղղությամբ, ինչպես նաև մնացած հարցերի, որևէ քայլ չի կատարում. «Այսօրվա դրությամբ Հայաստանը ընդհանրապես մեր հարցերով չի զբաղվում, ասում են՝  Արցախի կառավարությունը պետք է զբաղվի։ Այսօր Հայաստանի կառավարությունը միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախի կառավարությանը, ինչի մասին մշտապես շեշտում են, մնացած դեպքում ընդհանրապես չկա աջակցություն։ Բայց երբ որ պետք է մի բնակավայր հանձնեն թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում։ Չենք հասկանում՝ ի՞նչ է կատարվում»,- ասաց  տեղագանված հադրութցին։

Նա ընդգծեց, որ հիմա էլ նոր նախագիծ են մշակում, որ մեզ տալու են «հարկադիր տեղահանվածի» կարգավիճակ:

Արթուր Ստեփանյանի խոսքով, արդեն մի քանի անգամ իրենք ՄԱԿ-ի դիմաց ակցիա են իրականացրել, հանդիպումներ են ունեցել. «ՄԱԿ-ն էլ փորձում է մեր քաղաքական հարցերն ինչ-որ ձեւով շրջանցել եւ դրանք բերի կապի սոցիալական խնդիրների հետ: Մեր կարգավիճակի հարցից բոլորը խուսափում են: ՄԱԿ-ն ասում է՝ դա քաղաքական հարց է, ձեր իշխանությունները պետք է այդ հարցը լուծեն»:

  • Կիսվել: