չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կազմելու է 2,6 միլիոն մարդ

ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կազմելու է 2,6 միլիոն մարդ

2022 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը 2 միլիոն 928 հազար 914 մարդ է կազմել։ Այս թվի մեջ ներառված են նաև այն մարդիկ, որոնք սովորաբար այստեղ են բնակվում, սակայն մինչև մեկ տարի ժամկետով բացակայել են երկրից, գրում է Ազատությունը:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցած տարի իրականացված մարդահամարի նախնական տվյալները՝ ներկայացնելով, բացի մշտական բնակչության թվից, նաև առկա բնակչության ցուցանիշը։ Մարդահամարի պահին Հայաստանում գտնվող անձանց թիվը 2 միլիոն 638 հազար 917 է կազմել։

Վերջին անգամ մարդահամար անցկացվել էր 2011-ին։ Այս տարիների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով, իսկ հարցումների անցկացման պահին այստեղ գտնվողներինը՝ գրեթե 233 հազարով։

Հոկտեմբերին անցկացվածը անկախ Հայաստանի պատմության երրորդ մարդահամարն է։ Մարդահամարի վերաբերյալ խորը վերլուծություններ մասնագետներն առայժմ չեն անում, սպասում են վերջնական տվյալներին։ Բայց առկա պատկերը արդեն աղետալի են որակում։

Պատմական գիտությունների թեկնածու, էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը նախորդ երկու մարդահամարների անմիջական մասնակիցներից է, հսկիչ-հաշվարար է եղել։ Ասում է՝ եթե մինչև 2018 թվականը Հայաստանի բնակչությունը նվազում էր արտագաղթի պատճառով, ապա հետո ծնելիության մակարդակը խնդիր դարձավ. - «2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում, մասնավորապես Լոռու մարզում գրանցվեց առաջին ցուցանիշը, որտեղ բնական աճը բացասական է, այսինքը՝ ծնվածների թիվը զիջում է մահացածների թվին։ Նույնը ցուցանիշը գրանցվեց Շիրակի մարզում 2020 թվականին։ Եվ հանրապետության մի շարք մարզերում»։

Ե'վ նախկին, և' գործող իշխանությունները Հայաստանի բնակչության թիվը ավելացնելու նպատակներից են խոսել, տարբեր ռազմավարություններ մշակել։ Չորս տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս բարձր նպատակներից էր խոսում. - «Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»։

Ժողովրդագրական գործընթացները սակայն այլ սցենարի մասին են վկայում։ Միավորված ազգերի կազմակերպության կանխատեսումներով Հայաստանի բնակչությունը շարունակաբար նվազելու է՝ իշխանությունների նախանշած ժամկետին կազմելով 2,6 միլիոն մարդ։

«Սա մեզ համար անկանկալ չէր։ Գիտեք, որ ՄԱԿ-ը տարիներ շարունակ իրականացնում է բնակչության կանխատեսումները, հաշվարկները, և երբ մենք հետ էինք նայում և համեմատում էինք առկա իրավիճակը այդ կանխատեսումների հետ, նրանք գրեթե համընկնում էին», - ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը՝ հավելելով, որ անկախության երեք տասնամյակների ընթացքում Հայաստանից շուրջ 1,2 միլիոն մարդ է արտագաղթել, և հրապակված թվերը դրա վառ ապացույցն են։ - «Էն հիմնական ցուցանիշների մասով աշխատանք ունենք կատարելու։ Օրինակ, երբ խոսում ենք ծնելիության մասին, մենք շատ ենք ասել, որ ցանկալի ծնելությունը Հայաստանում երեքն է, բայց մարդիկ ունենում են մեկը, երկուսը։ Եվ երբ որ հարցնում էինք, թե ինչ խոչընդոտներ են եղել կամ հիմա կան, որ չեք ցանկանում ձեր ցանկալի թվով երեխաներ ունենալ, մարդիկ թվարկում էին, որ ուզում են բնակարանային պայմանների բարելավում, աշխատատեղեր՝ բավարար աշխատավարձով, մարզերում սոցիալ-մշակութային կյանքի ակտիվացում»։

Բնակչության թվի կայունության կամ աճի համար ծնելիության գործակիցը 2-ից բարձր պետք է լինի, այժմ այն 1,6 է, այսինքն ընտանիքները 2 երեխայից էլ պակաս են ունենում։

Վերջին տարիներին կառավարությունը ծնելության աճը խթանելու նպատակով մի շարք ծրագրեր նախաձեռնեց՝ ավելացան ծնունդի միանվագ նպաստների դրույքաչափերը, երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև վեց տարեկանը պետությունը նաև ամսական 50 հազար դրամ օժանդակություն է տրամադրում։ Բացի դրանից, ծրագրեր են իրականացվում երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման համար։

«Իհարկե, ծնելիությունը կարևոր գործոն է։ Պետք է պետական քաղաքականությունը ներառի իր մեջ ծնելիության գործոնի վրա ազդեցություն ունենալու ծրագրեր, սակայն դրանով չպետք է սկսվի և ավարտվի պետության քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե ստեղծենք մարդակենտրոն, մարդու ներուժը ճիշտ օգտագործելու միջավայր և այն ճիշտ զարգացնելու միջավայր, մարդիկ կուզենան ոչ միայն երեխաներ ունենալ, այլ ապրել ստեղծել հենց տվյալ երկրում», - նշեց Ծովինար Հարությունյանը։

Կանխատեսումները միայն կանխատեսումներ են, ճիշտ քաղաքականությամբ ու գործողություններով պատկերը կարող է փոխվել, շեշտում են մասնագետները։

 

  • Կիսվել: