չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը պատրաստակամ է աջակցել համագործակցության ընդլայնմանը․ ՆԳ փոխնախարարը հանդիպել է գրասենյակի տնօրենին

ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը պատրաստակամ է աջակցել համագործակցության ընդլայնմանը․ ՆԳ փոխնախարարը հանդիպել է գրասենյակի տնօրենին

Մայիսի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UNDRR) նորանշանակ տնօրեն Պաոլա Ալբրիտոյի ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Սեբաստիան Պենտինիի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար, փրկարար ծառայության գնդապետ Արմինե Հայրապետյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ ակտիվ մասնակցությունը աղետների ռիսկի նվազեցման գործընթացին։

Պաոլա Ալբրիտոն շնորհակալություն հայտնելով գործընթացում ՀՀ ակտիվ ներգրավվածության համար՝ մասնավորապես կարևորել է եվրոպական տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման նոր ճանապարհային քարտեզի աշխատանքները համաղեկավարելու, տարբեր գործընթացներում ակտիվ դերակատարություն ունենալու, այդ թվում՝ դիմակայուն քաղաքների և հետաղետային կարիքների գնահատման, աղետների պատճառած կորուստների և վնասների էլեկտրոնային համակարգերի ինտեգրման աշխատանքները, ինչպես նաև այն բոլոր ծրագրերը, որոնք Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը կիսում է անդամ երկրների հետ աշխատանքի ընթացքում։

Նա նաև ողջունել է այն փաստը, որ Հայաստանը վերջնականացրել է Աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը` համահունչ Սենդայի գործողությունների ծրագրին և Կայուն զարգացման նպատակներին։

Քննարկվել է նաև վաղ ազդարարման համակարգերի զարգացման ուղղությամբ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից հնարավոր աջակցության և այլ գործընկերների ներգրավվման հարցը, որտեղ մասնավոր և միջազգային կազմակերպությունները կարող են կարևորագույն դեր ունենալ։

Առանձնակի ուշադրություն է դարձվել պետություն-մասնավոր համագործակցության խնդիրներին, այդ թվում՝ նաև այն հնարավորություններին, թե ինչպես աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ գործառույթներ իրականացնող կազմակերպությունները կարող են ինտեգրվել միջազգային այնպիսի հարթակի, ինչպիսին է Arise-ը (աղետների ռիսկի նվազեցման միջազգային մասնավոր գործընկերությունների հարթակ)։ Կարևորվել է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակի ընդլայնումը։

Հանդիպման առանցքային հարցերից է եղել նաև ՀՀ համագործակցությունը եվրոպական այնպիսի երկրների հետ, որտեղ արդեն բավական զարգացած են «Դարձնել քաղաքները դիմակայուն» քարոզարշավի աշխատանքները։ Շեշտվել է հնարավոր համագործակցությունը Պորտուգալիայի հետ՝ իրենց քաղաքների դիմակայունության կենտրոնների փորձի փոխանակման ուղղությամբ։

Մայիսի 19-ին վերոնշյալի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Պորտուգալիայի բնակչության պաշտպանության պետական քարտուղարի հետ։

Պաշտոնական հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարն իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել աջակցել երկկողմ հարաբերությունների ձևավորմանը և հետագա համագործակցության խորացմանը։

  • Կիսվել: