չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Զովք» սուպերմարկետի դիմաց «Toyota»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Զովք» սուպերմարկետի դիմաց «Toyota»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ստամբոլյանը, իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 103 և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարազդատ Աթանայանն ու Արսեն Մելքոնյանը։

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

  • Կիսվել: