հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում․Նիկոլ Փաշինյան

Լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքում․Նիկոլ Փաշինյան

«Մենք շատ լուրջ արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում։ Այնտեղ պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նա խնդրեց մանրամասներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ բնապահպանական և ընթերքի տեսչական մարմնի աշխատակիցները առավոտյան եղել են դեպքի վայրում, փորձանմուշները վերցրել են։  «Եթե տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են: Ըստ նախնական տվյալների, վերևի մասից է, ոչ դե կեսից: Կեսից հնարավոր է, որ Կապանի նախկին կավարտի հանքից որաշակի արտահոսքեր լինեին»,- նշեց նա։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը էլ տեղեկացրեց, որ դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում ։ «Այնտեղ կա վնասված խողովակի հատված, և հիմա վերականգնման աշխատանքներ են կատարվում: Նախնական տվյալներով, այդտեղից է հոսել ջուրը: Մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրգործ հարուցելու հարցը»,- ընդգծեց նա։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց, որ տերերը թաքուն են պահել, որ նման դեպք է եղել. «Չեն ասել և արագ վերականգնման աշխատանքներ են սկսել: Այդ խողովակներն արագ զոդել են: Մերոնք ասացին՝ վերականգնել են»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):

  • Կիսվել: