ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Lրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը նախատեսվում է թույլատրել միայն ժամը 22:00-07:00-ն

Lրատվական կայքերում վիճակախաղերի գովազդը նախատեսվում է թույլատրել միայն ժամը 22:00-07:00-ն

Լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար ծավալային սահմանափակման փոխարեն նախատեսվում է կիրառել ժամային սահմանափակում: Այս մասին ԱԺ նիստում ասաց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ներկայացնելով  «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` սահմանելով, որ գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ստացվել, կառավարությունը ևս փոփոխություններ չի կատարել:

Անդրադառնալով մտահոգություններին՝ փոխնախարարը նկատեց. «Հիմնական մտահոգությունները մամուլում գովազդի սահմանափակումների հետ կապված բաժանված են երկու մասի: Մեկը կառավարությունում դեռ քննարկման չի դրվել, դա ներկայացվել է հանրային քննարկման: Դրանով ընդհանրապես արգելվում է գովազդը: Այն խնդրահարույց է, դեռ պետք է ուսումնասիրել: Մտահոգության մյուս մասը վերաբերում է այս օրենքի նախագծին, որով սահմանափակման ձևի փոփոխություն է տեղի ունենում: Այսինքն՝ գովազդի ծավալային սահմանափակումը փոխարինվում է ժամանային սահմանափակմամբ»:

Հայրապետյանը նկատեց, որ որոշ լրագրողներ այս նախագծում տեսնում են լրատվական իրավունքը, բյուջեն սահմանափակելու թաքնված նպատակ: «Ուզում եմ փարատել բոլոր այդ մտահոգությունները: 2019-ի հունիսի 18-ին, երբ ես հարակից զեկուցմամբ եմ հանդես եկել որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ, ներկայացրել եմ կառավարության մտահոգությունը, որ ծավալային սահմանափակումը նորություն է և դրա նկատմամբ վերահսկողությունը, չափողականությունը, գործիքակազմը կառավարությունում բացակայում է, և կարող են առաջացնել որոշակի ռիսկեր՝ վերահսկման առումով»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ դրանից հետո կառավարությունը սկսել է ավելի կիրառական դաշտում փորձել հասկանալ, թե որ տեսչական մարմինը կարող է դա իրականացնել՝ արդյունքում հանգելով նրան, որ դա հնարավոր չէ իրականացնել: «Իսկ դա նշանակում էր, որ անհրաժեշտ է կարգավորել այդ դաշտը: Կառավարությունը քննարկելով հասկացավ, որ կարգավորման հնարավորությունը գտնվում է ժամային վերահսկողության ներքո, որը ՊԵԿ-ի հանձառության ստանձնմամբ կիրականացվի՝ օրենքի ընդունվելու պարագայում»,- ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: