կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լոռու մարզում «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

Լոռու մարզում «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ անմասն չեն Հանրապետությունում ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման գործում։ Վերջին ամիսներին մարզային ոստիկանությունը իր ենթակայության տակ գտնվող տարածքային բաժիններում ոչ միայն հայտնաբերել են մեծ քանակի զենք, զինամթերք, այլև ոստիկանների գրագետ ու ճիշտ բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացրել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը ու երբ պարզվել է, որ նշված զենք-զինամթերքներով քրեորեն պատժելի արարք չի կատարվել քաղաքացին ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Գրեթե ամեն օր օպերատիվ խորհրդակցության ժամանակ մարզի ոստիկանապետ Ա․ Զաքարյանը ղեկավար կազմին հիշեցնում է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները և որ պետք է շարունակել պայքարը ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 19-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքն են արձանագրել Լոռու մարզում։ 

Ոստիկանների կատարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին զանգահարել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ ինքը արցախյան բոլոր պատերազմների մասնակից է և լսելով ոստիկանների կոչը պատերազմներից հետո իր հետ բերած զենք ու զինամթերքը ցանկանում է հանձնել իրավապահներին և այն թողել է Նիզամի փողոցում գտնվող նախկին «Սրտաբանական» հիվանդանոց կոչվող տարածքում։ Անմիջապես նշված վայր են մեկնում ոստիկանության ծառայողները, ովքեր կատարված որոնողական և սանրման աշխատանքների արդյունքում կիսակառույց շինության մոտ հայտնաբերում են փաթեթներ՝ կապույտ գույնի բրդյա ծածկոց և պլաշե ծածկոց, որոնց մեջ արտաքին զննությամբ առկա է եղել 3 թմբուկավոր ատրճանակ, 2 «Մակարով» տեսակի նմանվող ատրճանակ, 1 «Վալտեր» տեսակի նմանվող ատրճանակ, 3 ինքնաձիգ, 1 կարճեցված փողով «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան, 1 կարճեցված փողով ողորկափող հրացան, 1 արկ, 11 նռնակ, 6 պայթուցիչ, 1 հակահետևակային ական՝ իր պայթուցիչով, 2 պահեստատուփ, 2 ժապավեն, 7,62 մմ տրամաչափի 45 փամփուշտներ, 2 տուփ փամփուշտներ՝ փակ վիճակում, 793 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ և 1 ցինկ՝ խոշոր տրամաչափի փամփուշտներ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: