կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վթարվել է Սպիտակի քաղաքապետի Lexus-ը

Վթարվել է Սպիտակի քաղաքապետի Lexus-ը

Դեկտեմբերի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 60-ամյա Արամայիս Ավետիսյանի վարած Lexus մակնիշի և 38-ամյա Էրիկ Մարգարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Անահիտ Մարգարյանը, Lexus-ի վարորդ Ա. Ավետիսյանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ Հայկ Սիսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Մի քանի վիրավորներ էլ հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես ծառայողական ավտոմեքենա և սպասարկում է Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանին:

  • Կիսվել: