ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լոռու մարզպետի տեղակալը ծանոթացել է Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման աշխատանքներին

Լոռու մարզպետի տեղակալը ծանոթացել է Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման աշխատանքներին

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն աշխատանքային այցով եղել է Տաշիրի տարածաշրջանում:

Նա «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Նավասարդ Դադյանի ուղեկցությամբ ծանոթացել է Տաշիր և Մեծավան խոշորացված համայնքներում իրականացվող անտառվերականգնման և անտառի խնամքի նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ Մեծավան համայնքի Միխայլովկա բնակավայրի 43.4 հա, Տաշիր համայնքի 45 հա և 53.4հա անտառածածկույթի խնամքի, ծառերի բնաբաժակի խոտածածկի մաքրման աշխատանքներին։

Սա Լոռու մարզում նախադեպը չունեցող ծրագիր է. իրականացվում է Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և «Էյ-Թի-Փի» հիմնադրամ համագործակցությամբ՝ մարզում իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում: Մեկ ծրագրի շրջանակներում համագործակցելու նախաձեռնությունը եղել է հիմնադրամի կողմից: Այն նախ քննարկվել է Գ. Մարկոսյանի ղեկավարությամբ գործող Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողովի նիստում, որի արդյունքում որոշում է կայացվել նախարարությանը դիմել ոչ թե մեկ, այլ միանգամից 3 ծրագրով: Առաջարկությունը արժանացել է նախարարության հավանությանը.

«Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են մարզի համար ոչ միայն զբաղվածության, այլև բնապահպանական խնդիրների լուծման առումով»,- իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը:

Ծրագրերում երկշաբաթյա ժամկետով ներգրավվել է ավելի քան 100 մարդ: Աշխատավարձային ֆոնդը բոլոր երեք ծրագրերի համար 4.5 մլն դրամ է: Յուրաքանչյուր ծրագրի համար հիմնադրամն իրականացնում է ներդրում՝ 320 հազար դրամի չափով: Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

Գ. Մարկոսյանի հետ զրույցում աշխատանքներում ներգրավված բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից՝ նշելով նաև, որ մշտապես մասնակցում են «Էյ-Թի-Փի» հիմնադրամի կողմից իրականացվող անտառվերականգնման աշխատանքներին:

Այցի ավարտին Ն. Դադյանի հետ քննարկվեց այս տարի ևս 4 համայնքում նմանատիպ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

 

  • Կիսվել: