Լիդիանի վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները. ՀԲՃ-ն ահազանգում է
Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ Լիդիանի վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները: Այս մասին տեղեկանում ենք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Նրանք դիմում են ՀՀ ոստիկանությանը՝ նշելով. ՛՛Սա նաև ձեր ու նախկինում տեղի ունեցած դատական գործընթացների դեմ է՛՛։
Ահազանգ-հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ Լիդիանը իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում: Ահա Ոստիկանության պաշտոնական նամակի հղումը՝ http://www.armecofront.net/…/up…/2020/02/Amulsar-Police-.pdf
Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան):
Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին:
Տեղյակ կպահենք զարգացումների մասին, մինչ այդ պատրաստ լինենք մեր աջակցությունը ցուցաբերել Ջերմուկին, Գնդեվազին ու Ամուլսարին՛՛։



