ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լարսում 1 ամսից ավելի ավտոմեքենաներում գիշերող ՀՀ քաղաքացիներին օգնելու փոխարեն Վրաստանում տեղակայված ՀՀ դեսպանատնից մունաթ-զունաթ գալով ասում են՝ «Սամոլյոտով գայիք»

Լարսում 1 ամսից ավելի ավտոմեքենաներում գիշերող ՀՀ քաղաքացիներին օգնելու փոխարեն Վրաստանում տեղակայված ՀՀ դեսպանատնից մունաթ-զունաթ գալով ասում են՝ «Սամոլյոտով գայիք»

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենաներով Հայաստան եկող մի շարք քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ որոշ ժամանակ առաջ որոշել են սեփական մեքենաներով գալ Հայաստան:

Ըստ քաղաքացիների՝ կարողացել են անարգել հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը, սակայն Վրաստանի տարածք մուտք գործել չեն կարողանում, ինչի հետեւանքով արդեն մի քանի շաբաթ է, գտնվում են չեզոք գոտում՝ քնելով մեքենաների մեջ:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ահազանգած քաղաքացիներից մեկն ասաց. «Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին:

Գումարներս վերջացել է, ցուրտ է եղանակը, ամեն օր տաքացրել եմ մեքենան, արդեն մոտ 1 ամիս ա, Ներքին Լարսում ենք գտնվում, նեյտրալ գոտի է: Վրացիներն անգամ ռուսերեն չեն խոսում, մենք էլ չենք հասկանում, դիմել ենք դեսպանատուն, ապրիլի 28-ին դեսպանատան ներկայացուցիչն եկել, այնպիսի տոնով է մեզ հետ խոսում, չգիտեմ ինչ ասեմ: Մինչեւ էսօր քնում ենք մեքենայի մեջ, լողանում գետի ջրով:

Ներկա դրությամբ 5 մեքենա ենք էստեղ, չգիտենք, թե ինչ պետք է լինի մեր ճակատագիրը»: Մեկ այլ բնակչի խոսքով, ով եւս մնացել է չեզոք գոտում, բազմիցս զանգահարել են դեսպանատուն, սակայն ոչնչով չեն օգնում իրենց. «Մեզ դեսպանատնից ասում են՝ ձեզ ով ա թողել, հերթագրվեիք, սամալյոտով գայիք, բայց հետներս մարդ կա, որ 20 օր սոված ծարավ սպասել ա սամալյոտով գալուն:

Մեզ հիմա Լարսի տամոժնուց դուրս են հանել, 200 մետր հեռու կանգնեցրել, չեն թողնում առաջ գնանք»,- նշեցին զանգահարած քաղաքացիները, հրավիրելով Հայաստանի կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը իրենց խնդրին:

  • Կիսվել: