կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԿԸՀ-ն 2021-ին կատարել է որոշակի տնտեսումներ, որոնք փոխանցվել են բյուջե. Մուկուչյան

ԿԸՀ-ն 2021-ին կատարել է որոշակի տնտեսումներ, որոնք փոխանցվել են բյուջե. Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՛՛Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին՛՛ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021-ին կատարել է որոշակի տնտեսումներ և փոխանցել բյուջե:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ապարատի պահպանման առումով կատարվել է 322 մլն դրամի դրամարկղային ծախս: Ունեցել ենք որոշակի տնտեսումներ, որը պայմանավորված է եղել գործուղումների, շրջագայությունների գումարների տնտեսմամբ, կապի և էներգետիկ ծառայությունների տնտեսմամբ: Դա կազմել է շուրջ 26 մլն 338 հազար 710 դրամ, որը որպես չիրացված մնացորդ փոխանցվել է բյուջե՛՛:

Մուկուչյանը խոսել է նաև 2021-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների մասին և ասել, որ այդ առումով դրամարկղային ծախսը կազմել է 1 մլրդ 513 հազար 488 հազար դրամ: Ծախսի 80 տոկոսից ավելին տեղամասային ընտրական հանձնաժողովների և սարքերի մասնագետների աշխատավարձն է:

Նա նշել է. ՛՛Կատարվել է որոշակի տնտեսում, տնտեսման ընդհանուր ծավալը կազմել է 197 մլն 321 հազար դրամ, որը պայմանավորված է եղել հիմնականում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից կամ ընտրություններին չմասնակցելով, որի պարագայում աշխատավարձ չի վճարվում, նաև կան դեպքեր, երբ բացակայող անդամների տեղերը չեն համալրվում: Նշված գումարները տնտեսվել և փոխանցվել են բյուջե՛՛:

Ինչ վերաբերում է 2021-ին անցված ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա այս առնչությամբ Մուկուչյանը հայտնել է, որ փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 818 մլն 156 հազար դրամ:

  • Կիսվել: