երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կտանեք, նույն ծառերից նույն տեղում կտնկեք. Տիգրան Ավինյանը՝ Արմեն Բեգոյանին

Կտանեք, նույն ծառերից նույն տեղում կտնկեք. Տիգրան Ավինյանը՝ Արմեն Բեգոյանին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է Երևանի Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ծառահատման դեպքի վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները։ 

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Մերի Մարգարյանը տեղեկացրել է, որ կանաչապատման արագ արձագանքման խմբում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։ Նրա խոսքով՝ խմբում ներգրավված աշխատակիցներն ահազանգ ստանալով զգոնություն չեն ցուցաբերել։

«Պարոն Բեգոյան, կտանեք, նույն ծառերից նույն տեղում կտնկեք»,- հանձնարարեց Տիգրան Ավինյանը։

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի նախագահ Արմեն Բեգոյանը հայտարարեց, թե իրենց ՀՈԱԿ-ի մեղավորությունը չկա։

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավարշ Գրիգորյանը մանրամասնեց․ «Տիկին Մարգարյանի ասած կանաչապատման խումբը չի ենթադրում պարոն Բեգոյանի հիմնարկը։ Արագ արձագանքման խմբի մասին է խոսք գնում»։

Մերի Մարգարյանն էլ պարզաբանեց, թե նկատողություն տրվել է բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանին ու քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի առաջատար մասնագետ Մերի Մարուքյանին։

  • Կիսվել: