շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կստեղծվի 1176 հաստիքային միավորով նոր «էկոպարեկային ծառայություն»

Կստեղծվի 1176 հաստիքային միավորով նոր «էկոպարեկային ծառայություն»

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», «Արփի լիճ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ների հատիքների աշխատավարձի ֆոնդի և պահպանությանն ուղղված այլ ծախսերը՝ ընդհանուր 1,512.7 մլն դրամ գումարի չափով, տեղափոխել նոր ստեղծվող Էկոպարեկային ծառայություն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունվել է «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող անտառային տարածքների և բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանումն իրականացվելու է նոր ստեղծված էկոպարեկային ծառայության միջոցով շուրջօրյա գրաֆիկով՝ վերոնշյալ ՊՈԱԿ-ների հաստիքային միավորների Ծառայություն տեղափոխմամբ։

Էկոպարեկային ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների հաստիքների կրճատում՝ 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծելով 1176 հաստիքային միավորից կազմված ծառայություն։

Հիշյալ ՊՈԱԿ-ների պահպանությունն իրականացնող աշխատողները շարունակում են պաշտոնավարել որպես Ծառայության ժամանակավոր պաշտոնակատարներ։

Ուստի անհրաժեշտություն է առաջացել անտառային և ԲՀՊ տարածքներում պահպանություն իրականացնող աշխատողների մասով համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջետային հատակացումների նվազեցում՝ ուղղելով Էկոպարեկային ծառայությանը և ապահովելով Էկոպարեկային ծառայության պահպանման ծախսերը։

  • Կիսվել: