չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ

Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծերի ընդունման դեպքում, կսահմանվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը: Համակարգային փոփոխության արդյունքում կձևավորվի երկաստիճան՝ քաղաքացիների սպասարկման և որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգ, որի արդյունքում կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը:

Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ: Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը, դրանք արդարադատության նախարարության կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ:

Հանվել է Արդարադատության նախարարության՝ օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պետական գրանցման համար թույլտվություն տալու վերաբերյալ կարգավորումը: Կրճատվել են նաև ամուսնության գրանցումների և ամուսնալուծության գրանցումների ժամկետները:

Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամսյա ժամկետում, նախագծով սահմանվել է, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը և ոչ ուշ, քան վեց ամիսը: Հստակեցվել է անվան փոխման գրանցման ընթացակարգը: Ընտանեկան օրենսգրքում կատարվել են լրացումներ կապված օտարերկրյա որդեգրումների գործընթացների հետ:

  • Կիսվել: