Կրտսեր պարեկների աշխատավարձը նախատեսված է 250-270 հազար դրամ, իսկ ավագ պարեկներինը՝ ավելի բարձր. Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ոստիկանության բարեփոխումներին։
Նա տեղեկացրեց, որ շուտով կսկսվի պարեկային ծառայության 5-ամսյա դասընթացների դիմումների ընդունումը: Նախարարը նշեց, որ դասընթացների ժամանակ հիմնական շեշտը դրվելու է մասնագիտական ու ֆիզիկական պատրաստվածություն վրա: Կլինեն կրակային դասընթացներ, առաջին բուժօգնության, մասնագիտական այլ դասընթացներ։
Բադասյանի խոսքով՝ 5-ամսյա կրթական գործընթացը հնարավորություն է տալու արտաքին ծառայության նախնական պատրաստվածություն ստանալ և անցնել միանգամից պարեկային ծառայության։ Հետագայում, ըստ նրա, ոստիկանության ակադեմիայում շարունակական վերապատրաստումներ կլինեն։
Նախարարը նշեց. «Դեռևս ոստիկանությունում ընդունելություն սկսելու մասին հայտարարություն չենք տեղադրել, սակայն մոտ 400 հետաքրքրված անձինք արդարադատության նախարարություն զանգելով կամ նամակով իրենց հետաքրքրությունն են դրսևորել պարեկային ծառայության անցնելու համար»:
Նա հավելեց նաև, որ մեծ ակտիվություն կա նաև կանանց շրջանում, որոնք ևս ցանկանում են մասնակցել պարեկային ծառայության ընդունելության քննություններին։
Բադասյանը վստահեցրեց, որ պարեկային ծառայության համար արժանապատիվ աշխատավարձ է լինելու։ Նա ասաց, որ նախնական հաշվարկով՝ կրտսեր պարեկների աշխատավարձը նախատեսված է 250-270 հազար դրամ, իսկ ավագ պարեկներինը՝ ավելի բարձր։



