ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրակոցներ Արմավիրում․ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ

Կրակոցներ Արմավիրում․ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ

2021թ. մայիսի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս համայնքում մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք, հնչել են կրակոցներ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք, ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ միջադեպին մասնակից անձանց, այդ թվում՝ ինքնաձիգից կրակոց արձակած անձի ինքնությունը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք՝ այդ թվում՝ միջադեպի մասնակիցները, ովքեր տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ քննությամբ ստացված տվյալները, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ. ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։

  • Կիսվել: