Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն ունի անհրաժեշտ ուժեր և միջոցներ՝ 2022 թվականին Ուկրաինայում սկսված հատուկ գործողությունը «տրամաբանական ավարտին» հասցնելու համար։ Նա հստակեցրել է, որ դա կարելի է անել «Ռուսաստանի համար անհրաժեշտ արդյունքով», հաղորդում է «Կոմերսանտը»։
«Այդ արդյունքը այս ճգնաժամն առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ, կայուն խաղաղության համար պայմանների ստեղծումը և ռուսաստանյան պետության անվտանգության ապահովումը, մեր մարդկանց շահերի ապահովումն այն տարածքներում, որոնց մասին մենք միշտ խոսում ենք։ Այնտեղ, որտեղ ապրում են մարդիկ, որոնք ռուսերենը համարում են մայրենի լեզու, Ռուսաստանը՝ իրենց հայրենիք», - լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պուտինը։
Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների՝ երեք տարվա մեջ առաջին երկկողմ հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։ Բացի այդ, Ռուսաստանը և Ուկրաինան խոստացել են մանրամասն ներկայացնել հրադադարի վերաբերյալ իրենց տեսակետները և շարունակել բանակցային գործընթացը։
Հաջորդ օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվան և Կիևը կփոխանակեն հակամարտության ավարտի իրենց պայմանները։ Դրանց բովանդակությունը Կրեմլի ներկայացուցիչը չի բացահայտել։