հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում. մասնակիցների թիվը՝ 13, կա վիրավոր

Կրակոցներ Արմավիրի մարզում. մասնակիցների թիվը՝ 13, կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 26-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սաղաթել Վարդանյանն է։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան հատվածում վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պետրոսյանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45 մմ տ/չ ինքնաձիգով կրակել է Ս. Վարդանյանի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանները պարզել են նաև, որ Ս. Վարդանյանի հետ դեպքի վայր եկած կողմնակիցներ՝ Ալաշկերտ գյուղի բնակիչներ, 37-ամյա Կարեն Վարդանյանը, 36-ամյա Սեթ Վարդանյանը, 60-ամյա Սմբատ Վարդանյանը, 48-ամյա Արթուր Վարդանյանը և 37-ամյա Բաղդասար Բաղդասարյանը վիճաբանել են Ա. Պետրոսյանի հետ եկած Ալաշկերտ գյուղի բնակիչներ՝ 48-ամյա Արթուր Հարությունյանի, 26-ամյա Հակոբ Սահակյանի, 40-ամյա Ռոման Սարգսյանի և 34-ամյա Երեմ Հարությունյանի հետ։

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը ականատես է եղել ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի աշխատակից, ոստիկանության սերժանտը, ով դեպքից անմիջապես հետո դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություն է հայտնել իր վերադասին, որ Սեդրակ Վարդանյանը, ում ամբողջական տվյալները պարզում են, և Բոնդո Վարդանյանը, ում ամբողջական տվյալները պարզում են, մահակներով կոտրել են Opel մակնիշի 97 ԼV 977 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակին։

Դեպքի վայր ժամանած Արմավիրի մարզի ոստիկանները զննությամբ հայտնաբերել են է 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ա/մ-ի կոտրված ապակիներ և արյան հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

  • Կիսվել: