շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ. 5 վիրավոր

Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ. 5 վիրավոր

Այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ:  

Այս պահին ոստիկանները, քննիչները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեագետները՝ ոստիկանության Ապարանի բաժնի մեծ թվով քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, հետախուզական աշխատանքներ են կատարում, թե աղբավայրի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել դեպքը: 

 Եվ մինչ փորձաքրեագետի մասնակցությամբ քննիչները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից  մեկը ևս մահացել է:  

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ: 

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը:  

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, սակայն այս առնչությամբ ոստիկանությունից պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հաջողվել ստանալ։ 

Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը եղել է այն պատճառով, որ երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ 

 

 

  • Կիսվել: