կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Կովերի պարտեզ» հողատարածքում հայ երիտասարդների վրա հարձակում է եղել, 4 հոգի ձերբակալվել է. մանրամասներ Երուսաղեմից

«Կովերի պարտեզ» հողատարածքում հայ երիտասարդների վրա հարձակում է եղել, 4 հոգի ձերբակալվել է. մանրամասներ Երուսաղեմից

Երուսաղեմի  «Կովերի պարտեզ» հողատարածքի շուրջ ծագած թնջուկը չի հանգուցալուծվում. համայնքը եւ պատրիարքությունը շարունակում են պայքարել հողատարածքը հայ համայնքին վերադարձնելու համար: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ NEWS.am-ին մանրամասներ է հայտնել Հայ համայքնի ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը:

««Կովերի պարտեզ» հողատարածքը վարձակալությամբ է տրված երկու տարի առաջ, բայց սրանից մեկ ամիս առաջ Երուսաղեմի պատրիարքությունը որոշել էր չեղարկել այս գործարքը Դենիել Ռուբինշտեյնի հետ, որովհետեւ այս գործարքը Երուսաղեմի հայոց թաղամասի ամբողջականությունը խախտել է եւ կարող է խախտել, ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը նյութական օգուտ եւ դրական արդյունքներ չի կարող բերել: Հոկտեմբերի 26-ից «Զանա քեփիթըլ» ընկերությունը տրակտորներ է բերել, որոնք անօրինական շինարարություններ են  սկսել հողատարածքի վրա:

Ընկերության մեքենաները քանդել են պատը, բայց մենք կանգնեցրել ենք տրակտորների աշխատանքները, համայնքը եւ պատրիարքությունը միասնաբար իրար հետ կանգնեցրել են իրենց գործերը»,- հայտնեց  նա: 

Ճռնազյանի խոսքով՝ վերջին 3 շաբաթների ընթացքում հայ երիտասարդները պաշտպանում են հողատարածքը, հսկում են հողատարածքը գիշերվա ընթացքում:

«Վերջին շաբաթվա ընթացքում հարձակումներ են եղել մեր համայնքի անդամների եւ հոգեւոր դասի վրա, բայց կարողացել ենք կանգնեցնել: Սրանից մի քանի օր առաջ հարձակուներից մեկի պատճառով մեր երիտասարդներից 4 հոգի ձերբակալվել են ոստիկանության կողմից, չնայած որ ոչ մի պատճառ չկար ձերբակալելու: Այսօր արդեն նրանք ազատ են արձակվել»,- ասաց նա:

Հայ համանքի ներկայացուցիչը նշեց, որ այժմ համայնքի պատրիարքությունը կդիմի գործնական քայլերի, որպեսզի չեղարկվի պայմանագիրը եւ այս հողատարածքը վերադառնա հայերի ձեռքը:

  • Կիսվել: