կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքի մարզում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կգործի փրկարարական նոր հենակետ

Կոտայքի մարզում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կգործի փրկարարական նոր հենակետ

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում տեղի ունեցավ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ հիմնելու հուշագրի կնքման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական և «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ նախագահ Աննա Բաղդասարյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ իրենց ակումբն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում դիմել էր Ճապոնիայի դեսպանատան կողմից «Մարդկային անվտանգության ծրագրեր» դրամաշնորհային ծրագրին՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքում փրկարարական հենակետ կառուցելու համար։ Փրկարար ծառայության հորդորով նշված տեղանքն ընտրվել է այն պատճառով, որ այդ գոտում կան վեց գյուղեր շուրջ վեց հազար բնակիչներով, ինչպես նաև անտառածածկ և խոտածածկ զգալի տարածքներ, որտեղ հրդեհների վտանգը համեմատաբար մեծ է։

«Առաջին հայացքից մեր ակումբի նախաձեռնողականությունը կարող է զարմանք հարուցել, սակայն ես և ակումբի ևս մեկ ներկայացուցիչ ժամանակին աշխատել ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքները, այդ ոլորտում կամավորական շարժումն ու համայնքների դիմակայության բարձրացման կարևորությունը մշտապես եղել են մեր ուշադրության կենտրոնում։ Տնտեսական լրագրողների ակումբը շարունակաբար կանգնած է եղել նման օրակարգային սոցիալական խնդիրների հանրայնացման ակունքներում, ուստի համայնքներից մեկում փրկարարական հենակետ հիմնելու գաղափարը չէր կարող մեզ չոգևորել»,- ասաց Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ Ճապոնիայի դեսպանատունը նույնպես շատ լավ գիտակցում է նման ծրագրերի իրականացման կարևորությունը, հետևաբար պատրաստակամորեն աջակցել է տվյալ նախաձեռնությանը։ Ըստ էության՝ համատեղ ջանքերով իրականացվում է մի ծրագիր, որն անհրաժեշտ է համայնքների բնակիչներին և որի հիմնական նպատակներից է ոչ միայն աղետների ռիսկերի նվազեցումը և համայնքների հզորացումն անվտանգային առումով, այլև սույն ոլորտում կամավորական շարժման խթանումը։

Միջոցառմանը ներկա ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը նշեց, որ Մեղրաձորում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծումը բխում է ՆԳ նախարարության Փրկարար ծառայության որդեգրած ՀՀ մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդման ռազմավարությունից, որի նպատակն է կրճատել հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, ինչպես նաև նվազեցնել պետությանն ու բնակչությանը հասցվող նյութական կորուստները։

«Մեր ռազմավարության հիմքում ընկած է նման հենակետերի ստեղծումն այն համայնքներում, որոնք գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից որոշակի հեռավորության վրա և ունեն դժվարանցանելի ճանապարհներ։ Այս հենակետի ստեղծման նպատակով Փրկարար ծառայությունն աջակցում է կամավորների հավաքագրման գործընթացին։ Մշակվել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստման ծրագիր։ Կամավորների մասնակցությամբ կազմակերպվում են ուսումնավարժանքներ, անցկացվում է կամավորների որակավորման գործընթաց։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ համայնքներին նվիրաբերվում է հրշեջ ավտոբաքեր։ Այս գործընթացում կարևոր դեր ունեն մարզպետարաններն ու համայնքները, որոնք հատկացնում են շինություն՝ հոգալով պահպանման հետ կապված ծախսերը և հնարավորության սահմաններում ցուցաբերում են այլ աջակցություն կամավորների հավաքագրման, ապահովագրության, գույք-սարքավորումներով ապահովման համար»,- ասաց Ցուցուլյանը։

ՆԳ նախարարի տեղակալը կարևորեց նաև դոնոր կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցությունը նման հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման գործում։ Նա տեղեկացրեց, որ Ճապոնիայի կառավարությունը ժամանակի ընթացքում ՀՀ Փրկարար ծառայությանը տրամադրել է մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, հրշեջ սանդուղքներ և այլ տեխնիկա։   

«Որպես կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման հաջողված փորձ՝ պետք է նշել Եվրոպական հանձնաժողովի և Ավստրիական կարմիր խաչի ֆինանսավորմամբ իրականացված «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագիրը, որի շրջանակում Գառնի և Մեծ Պառնի բնակավայրերում ստեղծվել են նման հենակետեր։ Դրանց արդեն իսկ հատկացվել է հանդերձանք, գույք-սարքավորումներ։ Ներկայումս Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի հետ իրականացվում է ՀՀ-ում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալացումը, որի հիմքում ընկած է գործող ութ հենակետերի կարողությունների զարգացումը, ինչպես նաև չորս նոր հենակետերի ստեղծումը»,- հայտնեց Ցուցուլյանը։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական ասաց, որ հաշվի առնելով տվյալ համայնքում անտառային հրդեհների բարձր հաճախականությունը՝ նման աղետների դեմ դիմակայության ուժեղացումն ուղղակի հրամայական է։  

«Մեր օգնությունը զգալիորեն կնվազեցնի հրշեջների արձագանքման ժամանակահատվածն անտառային հրդեհների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում՝ պաշտպանելով համայնքի անդամների կյանքը։ Ավելին, այս ծրագիրը կբարձրացնի գյուղերի կարողությունները՝ ծառայելու որպես հյուրընկալող համայնքներ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Վստահ եմ, որ հավաքական համագործակցությունը ՆԳ նախարարության, Ծաղկաձորի և Մեղրաձորի համայնքապետարանների, ՀՀ փրկարար ուժերի ու կամավորների հետ կապահովի այս ծրագրի հաջող ընթացքը»,- ասաց դեսպան Աոկի Յուտական։ 

Մարզպետ Ահարոն Սահակյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց կարևոր ու անհրաժեշտ ծրագիրը Կոտայքի մարզում իրականացնելու համար։

«Ծաղկաձոր համայնքի բնակավայրերը, հատկապես Մեղրաձոր համայնքն ու հարակից գյուղերը բավականին հեռու են մարզկենտրոնից։ Փրկարարական հենակետը գտնվում է մարզկենտրոնում, ինչը հրդեհների ու բնական աղետների իրավիճակներին օպերատիվ արձագանքելու և հրատապ հարցերին լուծումներ տալու առումով ժամանակատար պրոցես է, հետևաբար Մեղրաձորում ևս մեկ փրկարարական հենակետի կառուցումը էականորեն կհեշտացնի փրկարարների աշխատանքը։ Գաղափարն իսկապես կարևոր է, քանի որ այս ծրագիրը հիմնված է կամավորության սկզբունքի վրա ու նաև ուսուցողական է։ Հայաստանում, ցավոք, նման ծրագրերը քիչ են, ուստի սա խթան կհանդիսանա և լավ առումով վարակիչ կլինի այլ բնակավայրերում նման ծրագրեր իրականացնելու համար։ Ծրագրի մնացած փուլերում մարզային և համայնքային իշխանությունները կաջակցեն և շատ արագ կանեն հնարավոր ամեն ինչ՝ որակյալ  փրկարարական հենակետ ունենալու համար, որպեսզի հետագայում այն զարգանա ու դառնա օրինակելի»,- ասաց Սահակյանը։   

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին հենակետի համար նախատեսվող տարածք, տեղեկացան, թե ինչպիսի շինաշխատանքներ են նախատեսվում ապագայում իրականացնել այդ տարածքում և զրուցեցին կամավորների հետ, ովքեր անմիջականորեն օժանդակելու են հենակետի գործունեությանը։        

  • Կիսվել: