ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Դամոկլյան սուրը դարձյալ կախվել է Ժողարվեստների թանգարանի գիտաշխատողների գլխին

Դամոկլյան սուրը դարձյալ կախվել է Ժողարվեստների թանգարանի գիտաշխատողների գլխին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան ՊՈԱԿ-ի երկարամյա աշխատակիցները արդարություն են պահանջում: Արդեն քանի տարի է՝ նրանք ստիպված են զբաղվել ոչ մասնագիտական աշխատանքով, իրենցից պահանջում են ներկայացնել թանգարանային ոլորտին վերաբերող հոդվածներ, հավաքել նյութեր, մինչդեռ աշխատակիցների գործառույթները բոլորովին այլ են. ի սկզբանե նրանք կոչված էին պահելու, հանրահռչակելու ոչ նյութական մշակութային ժառանգությունը:

Իսկ ի՞նչն է պատճառը: InfoPort.am-ն այս ամենի մասին զրուցեց Թանգարանի գիտաշխատողներ Ժանետա Վարդանյանի, Հռիփսիմե Սարգսյանի և Ռոբերտ Ավանեսյանի հետ: Նրանք պատմել են, որ ամբողջ էպոպեան սկսվել է դեռևս 2010-11 թթ., երբ Ժողարվեստների թանգարանն ու Ժողստեղծագործության կենտրոնն օպտիմալացման հիմքով որոշվել է միավորել մեկ հիմնարկի մեջ, սակայն այդ ժամանակ յուրաքանչյուրի աշխատակիցները շարունակել են իրականացնել իրենց գործառույթները:

Իսկ արդեն 2017 թ., երբ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի առաջարկով Թանգարանի այն ժամանակվա տնօրեն Հովիկ Հովեյանը իբրև թե կառուցվածքային փոփոխություններ է իրականացրել, Կենտրոնի 32 աշխատակիցները զրկվել են աշխատանքից: Հատկանշականն այն է, որ անհասկանալի պատճառներով աշխատակիցները հեռացվել են աշխատանքից, բայց նրանց հաստիքները պահպանվել են։ Այդ դեպքում ինչ կառուցվածքային փոփոխությունների մասին կարող էր գնալ խոսքը, ստացվում էր, որ Ամիրյանի ու Հովեյանի գերնպատակը զուտ աշխատակիցներից ազատվելն էր և նրանց հաստիքները ըստ իրենց հայեցողության տնօրինելը։   

Այս ամենը հաշվի առնելով՝ գիտաշխատողմերը դիմել են դատարան և բոլոր երեք ատյաններում շահել դատը։ Դատարանը որոշել է, որ նրանք պետք է վերականգնվեն իրենց հաստիքներում:

Բայց․․․ իրավիճակի աբսուրդը կայանում է նրանում, որ նրանք վերականգնվել են ոչ թե իրենց նախկին հաստիքներում, այլ թանգարանի այլ հաստիքներում։ «Այսօր մեր հաստիքներից 17-18-ը տրվել է «Արար» ՀԿ-ին։ Դրանք տրվել են մարզաբնակ աշխատակիցների: Նրանք հանդիսանում են մեր Կենտրոնի ստորաբաժանման աշխատակիցներ, բայց մենք իրենցից բացարձակապես տեղյակ չենք, չգիտենք ով են, ինչ են անում…»,- տարակուսած պատմում էին ազատման սպառնալիքի տակ հայտնված գիտաշխատողները։   

«2018-ի վերջին Թանգարանի տնօրենը, համաձայն դատարանի որոշման, մեզ վերականգնեց, սակայն ասաց, որ կարող է գրանցել միայն գիտական բաժնում, որտեղ մեր գործառույթներն տարբերվում էին մեր նախկին գործառույթներից: Մենք 32 հոգուց մնացինք 4-ը: Չորս հոգով երկու հաստիքի վրա ենք աշխատում՝ գիտական բաժնում»,- շարունակեց գիտաշխատողներից Ժանետա Վարդանյանը:

Ըստ աշխատակիցների՝ իրենց վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով կատարել այնպիսի աշխատանք, որը իրենց մասնագիտական գործառույթներից չի բխում, ինչը աշխատանքային խնդիրներ է առաջացնում։ «Այսպիսով փորձում են ազատվել մեզանից և մեզ փոխարինել նոր կադրերով։ Բայց չէ որ մենք այս հաստիքները զբաղեցնում ենք ոչ մեր կամքով, մենք մեր հաստիքները ունենք, որոնք անհասկանալի պատճառներով տրվել են այլ մարդկանց»,- պարզաբանեց գիտաշխատողներից Հռիփսիմե Սարգսյանը։

Թանգարանի աշխատակիցները, որոնք, փաստորեն, հայտնվել են աշխատանքից հեռացման եզրին, ցանկանում են վերջապես հստակեցնել իրենց գործառույթները և հաստիքների վերաբաշխման հետ կապված վերադասների որոշումների իրավաչափությունը։ Նրանք մամուլի միջոցով պատկան ատյանների և ղեկավարների ուշադրությունն են հրավիրում ստեղծված իրավիճակի վրա՝ արդրարության ակնկալիքով։

  • Կիսվել: