շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կոտայքի մարզում Mercedes-ը մխրճվել է Honda-ի մեջ. կան վիրավորներ

Կոտայքի մարզում Mercedes-ը մխրճվել է Honda-ի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհին մանդարինի վաճառակետին, ինչի հետևանքով էլ կոնտեյներն առաջ է ընթացել, մանդարինի մի զգալի մաս էլ թափվել է։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: