հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վերջինիս վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուներն ու կոտրել գազի բաշխիչ կայանը

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վերջինիս վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուներն ու կոտրել գազի բաշխիչ կայանը

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Էրիկ Մխիթարյանի վարած Nissan Tida մակնիշի և 43-ամյա Դավիթ Մուղսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Իսկ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող գազի բաշխիչ կայանին՝ կոտրելով այն ու գազախողովակները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարակ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության, «Տրանսգազ» ընկերության և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, քանի որ սկսվել է նաև գազի արտահոսք:

Մասնագետները գազազրկել են տարածքը և այդ պահին արդեն սկսվել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կողմից աշխատանքներ վթարը վերականգնելու ուղղաթյամբ և այն կտևի 2 օրից ավելի, այդ ընթացքում որոշ հատվածներ կզրկվեն գազամատակարարումից:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Քաջիկ Ավետիսյանն ու Շողիկ Կիրակոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խացնում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: