շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոռուպցիան իրապես վերացնելը մեծապես կախված է նաև հասարակության ջանքից. Ջոն Ալելո

Կոռուպցիան իրապես վերացնելը մեծապես կախված է նաև հասարակության ջանքից. Ջոն Ալելո

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոնն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի մշակմանը նվիրված աշխատաժողովի ընթացքում ասաց, որ կոռուպցիան իրապես վերացնելը մեծապես կախված է նաև հասարակության ջանքից:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իհարկե, այստեղ լայնորեն և անընդհատ պետք է ընդգծել ռազմավարական հաղորդակցության և հանրության իրազեկվածության կարևորությունը, իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ մասնավորապես հակակոռուպցիոն բարեփոխումների հաջողությունների վերաբերյալ: Ինչքան մարդիկ ավելի լավ տեղյակ լինեն այս ջանքերի մասին, այնքան ավելի հաջող կլինի պայքարը: Քանի որ այժմ բոլորս այս ուղղությամբ համագործակցում ենք, մաղթում եմ համագործակցության ավելի բարձր մակարդակ 2023-2026 թվականների ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքում՛՛:

Ջոն Ալելոյի խոսքով՝  շատ արդյունավետ համագործակցություն են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության հետ և ԱՄՆ ՄԶԳ-ը պատիվ ունի շարունակել բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ իր հերթին ասաց, որ նախորդ ռազմավարության նպատակներից մեկը հենց հանձնաժողովի ստեղծում էր, ընդ որում հանձնաժողով, որը ոչ միայն տեղական, այլ միջազգային գնահատականներով կարողանում է վստահություն ու համոզմունք ներշնչել, որ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ուղղության ու ընթացքի մեջ է:

՛՛Սա նշանակում է, որ մենք նաև ռազմավարական խնդիրների տեսանկյունից այլ որակ ենք ապահովելու: Նախորդ ռազմավարությունը այն բազային հարթակն էր, որ տվեց այս մասնագիտացված մարմինների ձևավորման հնարավորությունը, իսկ իրականացումն արդեն ամբողջությամբ տեղափոխվում է այս նոր հարթություն, որը կքննարկենք և կպլանավորենք այս աշխատաժողովում՛՛,-հավելեց նա:

Հարությունյանն ընդգծեց նաև, որ բոլոր քայլերը ավելի մոտ ապագայում յուրաքանչյուր քաղաքացու բերելու են այն համոզմունքին, որ իսկապես համակարգն ունի այն զգայնությունը, որ կոռուպցիան որպես այդպիսին ոչ թե պետք է դրսևորումից հետո պատժել, այլ ուղղակի այն պետք է պատշաճորեն կանխարգելել:

  • Կիսվել: