ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կոնդում քարաթափում, Արտաշատում պատերի ճաքեր. ինչ են հայտնում քաղաքացիները (լուսանկարներ)

Կոնդում քարաթափում, Արտաշատում պատերի ճաքեր. ինչ են հայտնում քաղաքացիները (լուսանկարներ)

Երկրաշարժի հետևանքով Երևանի Կոնդ թաղամասի շինությունների պատերի որոշ հատվածներ քարաթափվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիները երկրաշարժը ուժգին ձևով զգացել են այլ վարչական շրջաններում ևս՝ Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Մասիվում և այլուր: Ըստ քաղաքացիների՝ տարբեր հատվածներում բնակարանների պատերը ճաքել են:

Համացանցում նկարներ են տարածվել նաև, որտեղ երևում է, որ Արաբկիրում երկրաշարժի հետևանքով փլուզում է եղել, վնասվել է շենքի տակ կայանված մեքենան:

Արարատի մարզում Արտաշատ քաղաքում որոշ տների պատեր ևս ճաքել են: Արտաշատի որոշ գյուղերում պատերի ծեփն է թափվել:

Աշտարակում քաղաքացիները զգացել են պատերի դղրդոց, շարժվել են տան իրերը: Էջմիածնում ևս տներում ճոճվել է կահույքը, ջահը: Գյումրիում քաղաքացիները ցնցումը շատ ուժեղ չեն զգացել:

ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության  սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է  6-7 բալ:

  • Կիսվել: