չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
ԿԽՄՖ գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնն այցելել է Հայաստան

ԿԽՄՖ գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնն այցելել է Հայաստան

Դեկտեմբերի 9-10-ը  տարածարշրջանային աշխատանքային այցի շրջանակներում Հայաստան էր ժամանել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը:

Այս մասին հայտնում է ԿԽՄՖ մամուլի ծառայությունը։
 
Դեկտեմբերի 9-ին, ԿԽՄՖ գլխավոր քարտուղարն այցելեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գրասենյակ՝ քննարկելու համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա պլանները: 
 
«Ուրախ եմ տեղում տեսնելու, թե ինչպես է Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում իր մարդասիրական աջակցությունը, և թե ինչպես ենք միասին աշխատում՝ հասնելու ԿԽՄՖ-ի Նորացման օրակարգին: Ես շատ եմ հպարտանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներով: Նրանք այնքան մեծ դիմակայունություն են ցուցաբերել ճգնաժամերի ընթացքում խոցելի համայնքներին աջակցելիս», - ասաց պարոն Չափագայնը: 
 
ՀԿԽԸ գրասենյակում ԿԽՄՖ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանն իր կատարմամբ դիմավորեց «Փարոս» կամերային երգչախումբը: ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ողջունեց հյուրերին՝ նվիրելով ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալը և «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը:
 
«Մեր համագործակցությունը ավելի քան 30 տարվա պատմություն ունի և սկսվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո: Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում Միջազգային ֆեդերացիայի համագործակցության և աջակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք իրականացնել ամենատարբեր լայնածավալ ծրագրեր և աջակցել հազարավոր խոցելի մարդկանց», - նշեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը: 
 
ԿԽՄՖ գլխավոր քարտուղարը և ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն աշխատանքային քննարկումներ ունեցան՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և ԿԽՄՖ համագործակցության և հետագա ծրագրերի վերաբերյալ: ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց գործունեության հիմնական ուղղությունները և հատկապես վերջին երկու տարիների մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը:   Բարձրաստիճան հյուրը բարձր գնահատեց Ազգային ընկերության կողմից իրականացվող ծրագրերի որակն ու արդյունավետությունը և վստահություն հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի: 
 
Այցի ընթացքում ԿԽՄՖ գլխավոր քարտուղարը  Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ղեկավարության հետ միասին  հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: 
 
ԿԽՄՖ ղեկավարը ներկա  գտնվեց Կառավարության մեծ դահլիճի նախասրահում ՀԿԽԸ կամավորական ներուժով իրականցվող գործունեության ցուցահանդեսին՝ ծանոթացավ կամավորական ծրագրերին և գործունեությանը:  ՀԿԽԸ և ԿԽՄՖ գլխավոր քարտուղարները միասին շնորհավորեցին կամավորներին՝ Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ: 
 
Դեկտեմբերի 10-ին պարոն Ջագան Չափագայնը և ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը մեկնեցին Շիրակի մարզ, որտեղ այցելեցին ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղ, ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն, մասնակցեցին Առաջին օգնության և փրկարարական աշխատանքների ցուցադրական վարժանքի, հանդիպեցին ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ:

  • Կիսվել: