երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կին տաղանդների կրթաթոշակային ծրագիր՝ ավտովթարում զոհված Սոնա Մնացականյանի անունով

Կին տաղանդների կրթաթոշակային ծրագիր՝ ավտովթարում զոհված Սոնա Մնացականյանի անունով

Ապրիլի 26-ին Լեոյի խաչմերուկում ավտովթարի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի անվամբ նոր կրթաթոշակային ծրագիր է մեկնարկել:

Հաղորդագրության մեջ ասվում է. «2022 թվականի ապրիլի 26-ին Երեւանում՝ Լեո փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձավ երիտասարդ գործարար Սոնա Մնացականյանը, ով ընդհամենը 2 ամիս անց պատրաստվում էր լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Արիային:

Սոնա Մնացականյանը վերականգնվող էներգիայի ավտոմատացմամբ զվաղվող սկանդինավյան ԶԵՎԻՏ ընկերության համահիմնադիրն էր, եւ Հայաստանում արդեն ստեղծել էր մեծ թիմ: Բիզնես գործենությունից բացի, նա բազում հասարակական նախագծերի համահեղիակն ու աջակիցն էր, հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, եւ որ բոլորն արժանի են այդ հնարավորությանը:

Սոնայի մեծ գործերը կիսատ չթողնելու եւ Հայաստանի ու Արցախի շուրջ նրա մեծ նվիրումը շարունակելու համար նախաձեռնվել է հատուկ կրթաթոշակային ծրագիր՝ խրախուսելու եւ աջակցելու իգական սեռի տաղանդներին: Ծրագիրը ստեղծվել է համախմբելու այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային, ծանոթ էին նրա աշխատանքին եւ ցանկանում են շարունակել նրա տեսլականը։

Հատուկ այդ կապակցությամբ նախաձեռնված եւ դեռ շարունակվող դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ Հայաստանից եւ արտերկրից: Հավաքագրված միջոցները կտրամադրվեն միանվագ կրթաթոշակների տեսքով տաղանդավոր հայ կանանց երեք հիմնական անվանակարգերում՝ վերականգնվող էներգիա, տեխնոլոգիա եւ գիտություն:

Այս փուլի հիմնական արդյունքը կլինի շուրջ 10 դիմորդների` միանվագ մրցանակների շնորհումը, որոնք կընտրվեն բաց մրցույթի միջոցով: Մրցույթը դեռ ընթացքի մեջ է, դիմորդների հայտերն ընդունվում են մինչեւ հուլիսի 15-ը ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:

Դիմել կարող են 18 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչները՝ Հայաստանից եւ Արցախից, ովքեր բավական հիմքեր ունեն աջակցություն ստանալու համար եւ գործունեություն են ծավալում նշված երեք հիմնական ոլորտներում:

Կրթաթոշակի ծրագիրն ու ողջ դրամահավաքը իրականացվում է փոքր թիմի ջանքերով, որում ներգրավված են Սոնա Մանացականյանի ամուսինը, քույրը, նրա ընկերներից Սեդա Պապոյանը եւ գործընկերներից Լիանա Խուցիյանը:

Կրթաթոշակներն առաջին փուլով կտրամադրվեն 2022 թվականի հուլիսի 30-ին եւ 31-ին Երեւանում կայանալիք FemInno կանանց շուրջ նորարության միջազգային կոնֆերանսի ժամանակ, որտեղ Սոնան պատրաստվում էր ելույթ ունենալ: Ամուսինը` Աշոտ Վարդանյանը, հանդես կգա ելույթով եւ կհայտարարի կրթաթոշակային ծրագրի բացումը:

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի դրամահավաքին կարող եք միանալ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:

  • Կիսվել: