հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Կհստակեցվեն պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, ինչպես նաև շինթույլտվությունների տրամադրման դեպքերը. նախագիծ

Կհստակեցվեն պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, ինչպես նաև շինթույլտվությունների տրամադրման դեպքերը. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ օրենքի նախագծով երկու հիմնական փոփոխություններ են նախատեսվում:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» տեքստում օգտագործվում է «արգելոց» բառը ինչը չի համպատասխանում միջազգային տերմինաբանությանը:

Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Աշխարհում նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայր՝  Archeological site, որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման և պահպանության կարգավիճակից:

Արդի հայերենի բացատրական բառարանում (1976) «հնավայր» բառը սահմանված է որպես «1. հնությունների՝ հին հուշարձանների վայր, 2. Հնագիտական պեղումների վայր», միաժամանակ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին և ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ:

Հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ  շրջանակին և ըստ այդմ ենթադրում են համապատասխան պահպանության, սոցիալ-կրթական և մասնակցային միջավայրի ստեղծում, նպատակահարմար է համարվում դրանք վերանվանել «հնավայր-թանգարան»:

Մյուս լրացումը, ըստ Քոչարյանի, նախատեսում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին և Քաղաքաշինության մասին ու ՏԻՄ մասին օրենքներում առկա հակասությունների վերացումը: 

Նախագծով հստակեցվում են պատմամշակութային հուշարձանների ոլորտի լիազոր մարմնի կողմից պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման, տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը: 

Հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունը՝ առաջարկվում է հստակեցնել և լիազորված մարմնի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների համար:

  • Կիսվել: