շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կհստակեցվեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ

Կհստակեցվեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ

Առաջարկվում է վերացնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ ՍԴ 2023 թվականի ապրիլի 11-ի որոշման պահանջը: Առաջարկվել է նաև հստակեցնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծառայության ընդունվողների համար ատեստավորման ժամկետ առաջարկվել է սահմանել պաշտոնին նշանակվելուց հետո 3-9 ամիս՝ գործող 3-6 ամսվա փոխարեն:

Նախատեսվում է առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար, մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը,  պահպանել նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը: «Վերանայվում են Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները՝ հստակեցնելով օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց ծառայության ընդունվելու հետ կապված հարաբերությունները»,- մանրամասնել է Անդրանիկ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը պատշաճ որակով կազմակերպելու, առավել արդյունավետ ատեստավորման գործընթացն իրականացնելու տեսանկյունից: Կառավարությունն առաջարկել է օրինագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել գաղտնի հիմունքներով համալրվող ստորաբաժանումներում ծառայողների կողմից դատական պաշտպանությանը դիմելու հարցի վերաբերյալ՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցնել իրավակարգավորումը:

Գլխադասային՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

  • Կիսվել: