Խրախուսվում է, որ նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձինք պատվաստվեն ջրծաղիկի դեմ. ՀՎԿԱԿ տնօրեն
Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը հարթ է ընթանում, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2025 թվականից, նախատեսված է 2023 թվականից հետո ծնված՝ 1 տարին լրացած և նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց համար։
Աթոյանի խոսքով՝ ջրծաղիկի դեմ պատվաստվել է 2023 թվականից հետո ծնվածների 13 տոկոսը։
Ինչ վերաբերում է նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց՝ մասնագետը նշեց՝ պատվաստվելը պարտադիր չէ, բայց խրախուսվում է։
Խոսելով կարմրուկի մասին՝ նա նշեց, որ այս պահին կարմրուկի բարձր մակարդակ է աշխարհում ու, քանի որ մեկնարկում է արձակուրդային սեզոնը, բարձր է հավանականությունը, որ մարդիկ կարմրուկով կարող են վարակվել արտերկրում։
«Պետք է զգոն պահել հասարակությանը, բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստման բարձր մակարդակ ունենք», - հավելեց ՀՎԿԱԿ տնօրենը։